Ռուսաստանում Ադրբեջանի՝ արդեն նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ վրդովմունք հայտնելով պատգամավոր Կոնստանտին Զատուլինի «սադրիչ» տեսաուղերձի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ իր տեսանյութում Զատուլինը շնորհավորել էր ԼՂՀ-ի անկախության օրը։
Բյուլբյուլօղլուն նշել է, որ նման գործողությունները խաթարում են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, անտեսում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը և հակասում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին․
«Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին համագործակցության բարձր մակարդակը․ ռուսական պետության ղեկավարը հայտարարեց Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին:
Այս դրական ֆոնին իր երկրի պաշտոնական դիրքորոշման դեմ հանդես եկող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամի ապակառուցողական գործողությունները խոսում են այն մասին, որ ինքը ոչ միայն համաձայն չէ, այլև չի հարգում պետության ղեկավարի կարծիքը:
Ցավով պետք է նշեմ, որ չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ դիմումներին Ռուսաստանի պաշտոնական մարմիններին՝ կանխելու նմանօրինակ արարքները, Կ. Զատուլինի սադրիչ գործունեության նկատմամբ որևէ գործուն միջոց, որը խաթարում է մեր երկրների դաշնակցային հարաբերությունները, մինչ օրս չի ընդունվել»,- ասվում է նամակում։