Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած որոշ մտքերին և հայտարարել, որ Հայաստանի վարչապետի որոշ արտահայտություններ «ցավալի են և խանգարում են կարգավորման գործընթացին»։
«Այն պնդումները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս հարցում Ադրբեջանի սահմանադրության և Հայաստանի սահմանադրության միջև զուգահեռներ և հավասարություն տանելու փորձն անընդունելի է։
Հայկական կողմի պնդումը, թե խաղաղության պայմանագրի նախագծում առկա դրույթը պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում ներպետական օրենսդրությանը հղում կատարելու անհնարինության մասին անվնաս է դարձնում Հայաստանի սահմանադրության տարածքային պահանջները, լիովին անհիմն է։ Հայտնի փաստ է, որ ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող գերազանցել Սահմանադրությանը»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ անկախ հայկական կողմից «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ձևից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրման առանցքային պայմանն «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է, որն արձանագրված այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում՝ ներառյալ Հայաստանի անկախության մասին օրենքի բացահայտ հիշատակումը, որը կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»:
«Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք արդարացնում են իր երկրի զանգվածային սպառազինման ջանքերը, չեն արտացոլում իրականությունը։ Վարչապետի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանը զենք է գնել Իտալիայից, ևս կեղծ է։ Խաղաղ գործընթացին Հայաստանի լուրջ մոտեցումը դրսևորելու համար անհրաժեշտ է խուսափել հակասական հայտարարություններից և սադրիչ գործողություններից, ինչպես նաև իրական գործողություններով հարգել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»,- ասված է հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության՝ Մինսկի խմբի վերաբերյալ ՀՀ վարչապետի դիրքորոշումը ցույց է տալիս, որ «հայկական կողմը թաքնված օրակարգ ունի»։
«ՀՀ վարչապետի տրամաբանությունը, որ այս խնդիրները կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը փորձում է պահպանել այս իրավիճակը՝ որպես ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիայի վերսկսման այլընտրանքային տարբերակ»,- նշվում է հաղորդագրությունում։