Միջազգային

ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի բանակցություններից

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ՌԻԱ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ շեշտելով, որ դրանք ընթանում են 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա․

«Կարևոր է, որ երկու կողմերի բանակցություններն ընթանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Խոսքը, բացի ապագա պայմանագրի համաձայնեցումից, նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման, քաղաքացիական հասարակությունների շփումների հաստատման մասին է»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով խաղաղություն կհաստատվի․ սա քայլ է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում․

«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցի ընթացքում, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում: Հուսով եմ, որ դա տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է նա։