Միջազգային

Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակ ձգձգելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ.

«Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան երկրներից ու այլ կողմերից, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ»,- ասել է նա: Ըստ Ալիևի՝ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում տևական խաղաղության ձեռքբերմամբ:

Նա կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ասելով. «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, և սահմանադրությունը պետք է փոխվի»։ 

Ալիևն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ գոյությանը՝ նշելով, թե Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ տարակուսանք է առաջացնում: Նրա խոսքով՝ եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ի՞նչ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի գոյության մեջ, որն արդեն կորցրել է իր արդիականությունը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ վերացվեն»,- ասել է նա։