Միջազգային

Թուրքիան ձգտում է առաջընթացի հասնել ԵՄ հետ հարաբերություններում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում առաջընթացի հասնել։ Նրա խոսքով՝ Եվրամիության դրական մոտեցումը, որը կապված չէ Կիպրոսի հարցի հետ, կծառայի ընդհանուր շահերին:

Մինչ այդ Ֆիդանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ «Բրյուսելում հանդիպումը կարևոր է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների աշխուժացման տեսանկյունից»,- ասել է Ֆիդանը ՝ հիշեցնելով, որ Թուրքիան տևական ժամանակ չէր հրավիրվել այդ հանդիպումներին:

«Այսօր ԵՄ-ից իմ գրեթե բոլոր գործընկերներն ընդգծել են Թուրքիայի հետ կառուցվածքային և կանոնավոր երկխոսության և խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նրանք նշել են, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում, Գազայի հատվածում, Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Կովկասում ընթացող պատերազմում: Նրանք ընդգծել են Թուրքիայի և ԵՄ - ի միջև ավելի սերտ և խորը խորհրդակցությունների և ընդհանուր քաղաքականության ձևավորման կարևորությունը»,- «Անադոլու»–ի հետ զրույցում ասել է Ֆիդանը։