Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել ռազմական գործողությունները, բռնությունները դադարեցնելու հարցում և հաստատել անվտանգություն ողջ աշխարհում։ Այս մասին նա հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ հեռախոսազրույցում։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել կապերը բոլոր պետությունների հետ, փորձում է խաղաղություն և բարեկամություն տարածել։ Միևնույն ժամանակ, դատապարտում է ցանկացած ագրեսիա ցանկացած վայրում և պատրաստ է համագործակցել՝ դադարեցնելու ցանկացած բռնություն։
Բացի այդ, նա քննադատել է 2015 թվականի միջուկային գործարքից ԱՄՆ վարչակազմի դուրս գալը և դժգոհել, որ եվրոպական երկրները չեն կատարում համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:
Գնահատելով Նորվեգիայի դիրքորոշումը Պաղեստինի ժողովրդին սատարելու հարցում՝ Իրանի նախագահը Նորվեգիայի վարչապետին կոչ է արել աշխատել եվրոպական երկրների հետ՝ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները Գազայի ժողովրդի դեմ դադարեցնելու հարցում։
Ստյորեն, իր հերթին, Իրանի և Նորվեգիայի հարաբերություններն անվանել է բարեկամական և պատմական։ նա մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ ասելով, որ իր կառավարությունը դատապարտում է Իսրայելի պատերազմը Գազայում և դրա աղետալի հետևանքները։