Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել չսահմանափակել ՌԴ-ի կողմից գրավված իր տարածքներն ազատագրել փորձող Ուկրաինային այն զենքի օգտագործման հարցում, որը տրամադրել են դաշնակիցները:
Բորելն իր այտարարությունն արել է Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ․
«Ուկրաինային հանձնված զենքի կիրառման սահմանափակումները պետք է վերացվեն։ Այն պետք է ամբողջ ծավալով օգտագործվի Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար՝ միջազգային կանոններին համապատասխան»․ հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը՝ ողջունելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային․ գրում է il Messaggero-ն։
Ինչպես նշում է Tagesschau-ն, Բորելը նաև կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Նա մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ։