Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել SunCable-ի ծրագրին, որը կարժենա մոտ 24 միլիարդ դոլար: Այն ենթադրում է արևային մարտկոցների աշխարհի ամենամեծ ցանցի կառուցումը, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ապագա մարտկոցի թողարկման երկու երրորդը կօգտագործվի Ավստրալիայի ներքին կարիքների համար, իսկ մնացած մասը մալուխով կուղարկվի Սինգապուր՝ ծածկելով քաղաք-պետության կարիքների 15%-ը: Նախագիծն Ավստրալիային կտեղափողի կանաչ էներգիայի առաջնագիծ:
Արևային մարտկոցները պատրաստվում են տեղակայել 12,4 հազար հեկտար տարածքում։ Արեգակից ստացված էներգիան մալուխի միջոցով կփոխանցվի Հյուսիսային Ավստրալիայի մայրաքաղաք Դարվին, իսկ հետո 4,3 հազար կմ երկարությամբ ստորջրյա մալուխի միջոցով դեպի Սինգապուր։
Ավստրալիան եզակի երկիր է այն առումով, որը ոչ թե գնում է բնական ռեսուրսներ, այլ արտահանում է։ Խոսքը հեղուկ բնական գազի, ածխի, երկաթի հանքաքարի, ոսկու, նիկելի և նավթի մասին է։
Չինաստանն ավստրալական օգտակար հանածոների ակտիվ գնորդն է։
Ավստրալիայի էլեկտրաէներգիայի կարիքների 47%-ը դեռևս բավարարվում է ածուխով՝ էներգիայի ստացման «ամենակեղտոտ» աղբյուրով։ Միաժամանակ՝ երկիրը փորձում է զարգանալ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։ Շատ ավստրալացիներ օգտագործում են արևային մարտկոցներ: Հարավային Ավստրալիայի լեռնաշղթաները թույլ են տալիս, բացի արեգակնային ճառագայթներից, ակտիվորեն օգտագործել քամու էներգիան։ Սակայն կառավարությունը դեռևս մտադիր չէ հապճեպ վերջ դնել ավանդական էներգիային։
Ներկայումս էներգիայի վերականգնվող աղբյուրները ապահովում են երկրի կարիքների 32%-ը։ Ակնկալվում է, որ Սինգապուրի հետ համատեղ նախագիծը կօգնի Ավստրալիային դառնալ այլընտրանքային էներգիայի գերտերություն: Այն նաև աշխատանքով կապահովի 14,3 հազար ավստրալացու։