Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին հայտարարել է, որ իր մայրը՝ Պատրիսիան և քույրը՝ Էլիսոնը, մահացել են մեկ օրվա ընթացքում, գրում է BBC-ն։
«Սիրտս կոտրված է, հանգստյան օրերին կորցրի մորս։ Դժբախտաբար, ողբերգական հանգամանքներն այնպիսին էին, որ նույն օրը կյանքից հեռացավ նաև քույրս»,- հայտարարել է երգչուհին։
Երգչուհին չի խոսել մոր և քրոջ մահվան պատճառների մասին։ Հայտնի է միայն, որ աստղի մայրը 87 տարեկան էր, քույրը՝ 63: Քերին խոստովանել է, որ իր հարաբերությունները թե՛ մոր, թե՛ քրոջ հետ չափազանց բարդ են ստացվել։
Պատրիսիան օպերային երգչուհի էր և վոկալի ուսուցչուհի։ 2020 թվականին հրապարակված իր հուշերում Քերին գրել է, որ ինքն ու մայրը մասնագիտական մրցակցության մեջ էին։ «Բայց երբ մոր կողմից դրսևորվում է նախանձ, դա մեծ ցավ է պատճառում»,- գրել է նա։
Երգչուհին իր քրոջ՝ Էլիսոնի մասին ասել է, որ կապ չի ունեցել նրա, ինչպես նաև եղբոր՝ Մորգանի հետ։ «Էմոցիոնալ առումով և ֆիզիկապես ինձ համար ավելի անվտանգ էր նրանց հետ կապ չունենալը»,- գրել է նա իր հուշերում:
Այս գրքի հրապարակումից հետո Էլիսոնը դատի է տվել Քերիին և պահանջել է վճարել 1,2 միլիոն դոլար՝ «անհավանական հուզական տառապանքի» համար։ Քույրը հիշողություններն անվանել է «վրեժխնդրության փորձ»։
Քերիի հայրը՝ Ալֆրեդը, մահացել է 2002 թվականին քաղցկեղից՝ 72 տարեկանում։