Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդին քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկում, հայտնում է Türkiye թերթը։
«Այդին քաղաքի Քուշադասի շրջանում 50-ամյա Մահիր Մամեդովին, ով ժամանակին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահն էր, մահացած են գտել իր հյուրանոցի համարում։ Մամեդովի մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո»,- գրում է հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին՝ հինգաստղանի հյուրանոցում։ Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացի 50-ամյա Մահիր Մամեդովը կնոջ՝ Քեմալյա Մամեդովայի և որդու հետ 3 օր առաջ էր ժամանել Քուշադասի։
Հրատարակության տվյալներով՝ երեքշաբթի օրը նախաճաշից հետո Մամեդովն ընտանիքի հետ գնացել է իրենց սենյակ՝ հանգստանալու։ Որոշ ժամանակ անց կինն ու որդին դուրս են եկել զբոսնելու, իսկ վերադառնալուն պես Մամեդովին գտել են հատակին անշարժ ընկած։
«Հաղորդագրությունն ստանալուց հետո հյուրանոց են ուղարկվել շտապօգնության և ոստիկանության խմբեր։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը»,- գրում է թերթը։