Միջազգային

Նոր մանրամասներ Վոլգոգրադի ուղղիչ գաղութի պատանդառությունից

Նոր մանրամասներ Վոլգոգրադի ուղղիչ գաղութի պատանդառությունից

Համացանցում հայտնվել են Վոլգոգրադի՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում տեղի ունեցած արտակարգ միջադեպի կադրերը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ բանտարկյալները պահանջում են մեքենա, ուղղաթիռ, որը պետք է իրենց տեղափոխի Վրաստան և 2 միլիոն դոլար։ Հաղորդվում է, որ նրանք ծայրահեղ իսլամիստական խմբավորման կողմնակիցներ են։

Լրատվամիջոցները հայտնում են, որ պատանդներ վերցնելուն մասնակցել են Ուզբեկստանի և Տաջիկստանի՝ դատապարտված քաղաքացիներ։ Համացանցում հայտնվել են նրանց լուսանկարները՝ Ուզբեկստանի քաղաքացիներ Տոշևա Ռամզինդինը և Հուսինով Թեմուրը, ինչպես նաև Տաջիկստանի քաղաքացիներ Նավրուզի Ռուստամչոնը և Տոշով Նազիրչոնը: Երեքին դատապարտել են թմրանյութերի գործով, Հուսինովին մեղավոր են ճանաչել առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նրանք բոլորը դատապարտվել են առաջին անգամ։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Կա զոհ. սպանվել է բանտապահներից մեկը։ Հաղորդվում է չորս հոգու պատանդ վերցնելու մասին։ Եւս 4-ը, այդ թվում՝ կալանավայրի ղեկավարը ծանր մարմնական վնասվածքներով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Վոլգոգրադի Սուրովիկինո բնակավայրում գտնվող ուղղիչ գաղութը, ըստ վարչական շրջանի ղեկավարի, բնակելի շենքերից գտնվում է զգալի հեռավորության վրա, և կատավարծը քաղաքացիական բնակչության համար որևէ վտանգ չի ներկայացնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական