Միջազգային

«Գլխավորը` սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է». Զախարովա

«Գլխավորը` սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությանը Հայաստանի ԱԳՆ պատասխանին, ասել է, որ պաշտոնական Երևանն իր «ձախողումների ու ստրատեգիական սխալ հաշվարկների» մեղավորությունն այլոց վրա է բարդում. «Գլխավորը` սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է»,- հավելել է նա։ Զախարովան հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ հավելելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, 12 նիստ է անցկացվել, սակայն այն կանգ է առել սահմանային հսկողության հարցերում Երևանի «անզիջողականության» պատճառով։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմի խնդրանքով որոշվել է երկաթուղու գործարկումը չկապել ավտոմոբիլային ճանապարհների հետ, «բայց մյուս կողմից՝ հայկական կողմը ավտոմոբիլային ճանապարհների գործարկման առումով վերջնաժամկետների հետ կապված հանձնառություն չի ստանձնել»։

Ըստ Զախարովայի՝ հայկական կողմը պահանջել է, որ ռուսական ԱԴԾ ծառայողները ներկա լինեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում. «Թե ինչին էին նրանք հղում անում, անհասկանալի է, որովհետև համաձայնագիրը մեջբերեցի, նման բան չկա»։ 

Նա ՀՀ իշխանություններին մեղադրել է Արևմուտքի թելադրանքով գործելու մեջ. «Հերթական անգամ պաշտոնական Երևանը բաց է թողնում հարևանների հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու և սեփական տնտեսությանը նպաստելու շանսը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական