Միջազգային

Իրանն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի ագրեսիային

Իրանն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի ագրեսիային

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի կողմից իրանական հողում Իսմայիլ Հանիեի սպանությանը:

Նախագահն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ով մտահոգություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունից հետո տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և Իրանին զսպվածության կոչ է արել։

Փեզեշքիանի խոսքով՝ Հանիեի սպանությունը, ով Իրանում էր որպես պաշտոնական հյուր, Իսրայելի կողմից տարածաշրջանում հակամարտությունների կրակն ավելի բորբոքելու փորձ էր: Նա քննադատել է Միացյալ Նահանգներին և նրա արևմտյան դաշնակիցներին՝ նշելով, որ նրանք դատապարտելու փոխարեն աջակցում են Իսրայելի հանցագործություններին, ցեղասպանությանը և սպանություններին:

Փեզեշքիանն ասել է, որ Իրանը մշտապես կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում և աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման գործում, սակայն ընդգծել է Իսլամական Հանրապետության իրավունքը՝ պատշաճ կերպով արձագանքելու Իսրայելի ագրեսիայի ակտին:

«Միացյալ Նահանգները և արևմտյան երկրներն աջակցում են մի ռեժիմի, որը չի ենթարկվում միջազգային ոչ մի օրենքի և կանոնի, ձեռնպահ չի մնում տարածաշրջանում հանցավոր գործունեությունից՝ պահպանելով հակասական և երկակի մոտեցում»,- ասել է նա։

Իրանի նախագահը նախազգուշացրել է, քանի դեռ Արևմուտքի քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցությունը վայելող ռեժիմը շարունակում է իր ցեղասպանությունն ու ահաբեկչությունը Գազայում և այլուր, տարածաշրջանն ու աշխարհը կայունություն, անվտանգություն և խաղաղություն չեն տեսնի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական