Իրանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով ՀՕՊ համակարգեր․ նրանք պատրաստվում են Իսրայելի հետ հնարավոր պատերազմին: Այդ մասին, ըստ The New York Times-ի, հայտնել են իրանական որոշ լրատվամիջոցներ։ Իրանցի երկու պաշտոնյա, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի անդամ, ամերիկյան թերթին հաստատել են այս տեղեկությունը։ NYT-ի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանն արդեն սկսել է առաջադեմ ռադարների և հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումը։
Նախօրեին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։