Միջազգային

Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից նախապատրաստվում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրել և ֆինանսավորել են Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և ՆԳՆ նախկին աշխատակիցները, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում:

«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ»,- ասվում է ՊԱԾ հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ ապացույցներ չեն ներկայացվում։ Այս փուլում անուններ չեն նշվում, իսկ գործն ունի «գաղտնի» մակագրություն։