Միջազգային

Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում

CNN-ը գրում է, որ մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում, երբ հեռախոսով խորհրդակցում էր ընտանիքի ու խորհրդականների հետ։

Նա որոշումն ընդունել է կիրակի առավոտյան` մանրամասն քննելով նախընտրական հարցումների պատկերը և պարզելով, որ հաղթանակի տարբերակ չի մնացել։ Նախ ակնհայտ է եղել, որ Բայդենը խոշոր խնդիրներ է ունենալու փոփոխական նահանգներում, ինչպես նաև փոփոխություններ են նկատելի եղել ավանդական դեմոկրատ նահանգների ընտրողների տրամադրություններում։ Բայդենի համար պարզ է դարձել, որ նախընտրական պայքարը վերականգնել չի ստացվի, ռեաբիլիտացիայի շանսերը եղել են չափազանց նվազ։

Բայդենի թիմի բազմաթիվ անդամներ նրա որոշման մասին իմացել են վերջին պահին։ Մարդիկ են եղել, որ իմացել են հենց X-ում արված գրառումից։ Որոշումը կայացնելուց հետո նախագահը հեռախոսով կապվել է Քամալա Հարիսի հետ, ինչպես նաև կուսակցական այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, նախագահական վարչակազմի պաշտոնյաների ու դոնորների հետ տեղեկացնելու իր որոշման մասին։