Միջազգային

Բայդենին համոզել են հրաժարվել նրա ամենամոտ խորհրդականներից երկուսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է երկրորդ ժամկետի համար չառաջադրվել իր երկու մերձավոր խորհրդականների՝ Մայք Դոնիլոնի և Սթիվ Ռիչետիի հետ խորհրդակցելուց հետո, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք Բայդենին ներկայացրել են «սարսափելի տեղեկատվություն», ինչի պատճառով նա որոշել է հանել իր թեկնածությունը նոյեմբերի ընտրություններից։

Հուլիսի 20-ի առավոտյան Ջո Բայդենը Մայք Դոնիլոնին և Սթիվ Ռիչետիին հրավիրել է Ռեհոբոթ Բիչ (Դելավեր) իր նստավայր։ Հանդիպմանը խորհրդականները Բայդենին պատմել են կոնգրեսականների մտահոգությունների մասին, ներկայացրել դրամահավաքի թարմացված վիճակագրություն, իսկ վերջում ասել են, որ վերընտրվելու հնարավորություն չեն տեսնում։ Politico-ի աղբյուրները կարծում են, որ Ջո Բայդենի կողմից վերընտրվելու պլաններից հանկարծակի հրաժարվելը պայմանավորված է իր քաղաքական իմիջը պահպանելու ցանկությամբ։ Բայդենը ցանկացել է այնպիսի տեսք ստեղծել, թե որոշումն ինքն է կայացրել։