Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լոնդոնում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․
«Նման հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես եկավ Միացյալ Թագավորությունը (ՄԹ)։ Նման հանդիպում եղել է Մյուխենի խաղաղության համաժողովից հետո՝ Օլաֆ Շոլցի կազմակերպմամբ։ Նույն ձևաչափը առաջարկել է ՄԹ-ն։ Սակայն հայկական կողմը մերժել է։ Այսպիսով, հանդիպումը պետք է սկսվեր ՄԹ վարչապետի մասնակցությամբ, որին կհետևեր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման շարունակությունը։ Այս հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի մերժումը մենք դիտարկում ենք որպես երկխոսությունից դուրս գալու և խաղաղության օրակարգի խաթարման մտադրության դրսևորում։
Թեև Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու է հրաժարվում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ծառայող հանդիպումից։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանն իսկապես պետք է արժևորի երկխոսության հնարավորությունները, այլ ոչ թե հրաժարվի դրանից։ Մենք մեծապես գնահատում ենք ՄԹ խաղաղության այս նախաձեռնությունը», - ասել է Հաջիևը «Report» ադրբեջանական լրատվականի հետ զրույցում։