Միջազգային

ՄԹ-ում ավարտվել է պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը. հաղթողը Լեյբորիստներն են

Միացյալ Թագավորությունում Լեյբորիստական կուսակցությունը՝ սըր  Քիր Սթարմերի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համայնքների պալատում ստացել է ձայների մեծամասնությունը:

Ավարտվել է Միացյալ Թագավորությունում պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են 381-ում, ինչը նրանց մեծամասնություն է ապահովում 650 տեղանոց պալատում։

Քիր Սթարմերը և ստվերային կառավարությունում ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը, որին սպասվում է ապագա կառավարությունում երկրորդ կարևորագույն պաշտոնը, վստահորեն հաղթել են իրենց ընտրատարածքներում:

Գործող վարչապետ Ռիշի Սունակին նույնպես հաջողվել է վերընտրվել իր Ռիչմոնդ և Նորթալերտոն կոմսությունում: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և հայտնել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ: «Այսօր իշխանությունը ձեռքից ձեռք հանձնելը տեղի կունենա խաղաղ և կարգավորված ձևով, բոլոր կողմերից բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ ։ Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այսօր սթափեցնող դատավճիռ է կայացրել, շատ բան պետք է սովորել ... և ես ինձ վրա եմ վերցնում պարտության պատասխանատվությունը»,- ասել է Սունակը: