Միջազգային

«Հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել կարծրատիպային արտահայտություններ»․ Աբխազիայի ԱԳՆ

Աբխազիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության և հարգանքի մասին հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում՝ հուլիսի 3-ին։ 

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Աբխազիայի Հանրապետությունն անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է 1994 թվականի Աբխազիայի Հանրապետության սահմանադրությամբ և հաստատվել է 1999 թվականին Աբխազիայի Հանրապետության պետական ​​անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։

Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը և երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման և ամրապնդման ընտրած ուղուց։

Այս առումով՝ հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը։

Մենք նաև ուշադրություն ենք դարձրել հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխության վրա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելիս՝ ի պաշտպանություն «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բացարձակ կողմնակալ բանաձևին:

Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ քվեարկել են այս բանաձևի օգտին՝ չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության ականավոր հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կհարմարեցնի իր դիրքորոշումն այս հարցում։

Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա Վրաստանի ներկայացուցիչները պետք է հաշտվեն առկա քաղաքական իրողությունների հետ, որոնք առաջացել են 1992-1993 թվականներին Վրաստանի ռազմական պարտության արդյունքում։ Այս առումով մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում վրացական կողմին անել միակ ճիշտ քայլը, որը կարող է հիմք դնել մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և ստորագրել Աբխազիայի Հանրապետության հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր»։