Միջազգային

Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային։ Պատգամավոր Գեզինե Լյոտշը հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Շոլցին ներկայացնում էին որպես «խաղաղության կանցլեր», սակայն այժմ Բեռլինը զենք է մատակարարում Կիևին և թույլ է տվել հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա։ Լյոտշը հարցրել է, թե Գերմանիան այդպիսով կխուսափի՞ հակամարտության կողմ դառնալուց։

«Այո, ես նման երաշխիք եմ տալիս։ Իմ տեսանկյունից՝ զինադադարին, որը կհանգեցնի Ուկրաինայի կապիտուլյացիային, մենք երբեք չպետք է աջակցենք։ Սա վերացական հարց չէ։ Պուտինի խաղաղության ծիծաղելի առաջարկը դա է վկայում։ Նա հայտարարել է, որ պատրաստ է զինադադարի, եթե Ուկրաինան ճանաչի նոր շրջանների անեքսիան և ինքնակամ հրաժարվի դրանցից։ ՌԴ նախագահի նպատակը ոչ թե իր ագրեսիվ պատերազմին վերջ տալն է, այլ պատերազմը շարունակելը։ Մենք դա չենք հանդուրժի»,- պատասխանել է Շոլցը։