Միջազգային

Թրամփը Պուտինի հետ քննարկում է, թե գրավյալ տարածքների որ մասը կարող է պահպանել Ռուսաստանը. Politico

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմն ավարտելու իր ծրագրի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարում այն մասին, թե ուկրաինական օկուպացված տարածքի որ մասը կարող է պահպանել Մոսկվան․ գրում է Politico-ն՝ վկայակոչելով Թրամփի հետ կապված անվտանգության հարցերով երկու փորձագետի:

Մանրամասները, թե ինչ ձևաչափով են անցկացվում այդ բանակցությունները և ինչ փուլում են դրանք, ինչպես նաև որ տարածքների մասին է խոսքը, Politico-ն չի ներկայացնում: Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի աղբյուրների, Թրամփը քննարկում է Պուտինի հետ համաձայնագիր կնքելու հնարավորությունը, ըստ որի՝ երկրները, հատկապես Ուկրաինան և Վրաստանը, կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ուկրաինայում հակամարտության լուծումը պարբերականը համարում է ՆԱՏՕ-ին վերաբերող՝ Թրամփի ավելի մասշտաբային ծրագրի մաս: Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն դժվար թե ամբողջությամբ դուրս գա ՆԱՏՕ-ից, սակայն հնարավոր ծրագրերը ենթադրում են անցում դաշինքի «երկաստիճան համակարգին»:

«Դա նշանակում է, որ այն երկրները, որոնք չեն հասել ՀՆԱ-ի 2%-ի ներդրման նպատակին, չեն օգտվի պաշտպանության շռայլ ծախսերից և ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքից», նշում են Politico-ի աղբյուրները։ Պարբերականը գրում է, որ դա կարելի է դիտարկել որպես ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է հավաքական պաշտպանությունը դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում: Ընդ որում, պարբերականի զրուցակիցների խոսքով, Թրամփը ծրագրում է Եվրոպայի վրա «միջուկային հովանոցը» պահել՝ թողնելով իր ռազմաօդային ուժերն ու ռազմակայանները Գերմանիայում, Անգլիայում և Թուրքիայում: Այնուամենայնիվ, հետևակի, զրահատեխնիկայի, նյութատեխնիկական ապահովման և հրետանու հիմնական մասը «ի վերջո կանցնի եվրոպացիների ձեռքը»:

«Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի ոլորտում Թրամփի նոր մոտեցումը հավասարազոր կլինի հեղափոխության, որը Եվրոպան լիովին անկարող է իրականացնել տեսանելի ապագայում»․ գրում է Politico-ն: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մեկնաբանելով Թրամփի ծրագրերը, հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ և որևէ տարածք տալ պատերազմը դադարեցնելու համար:

Պուտինի խոսնակ Պեսկովը հերքել է այդ լուրերը և նշել, որ Պուտինն ու Թրամփը բանակցություններ չեն վարում։