Միջազգային

«Ադրբեջանը առանցքային դեր ունի տարածաշրջանի հաղորդակցությունների հարցում. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկման է մասնակցել Բրուքինգսի ինստիտուտում։ Ի թիվս այլ հարցերի, Բլինքենը պատասխանել է Հարավային Կովկասի իրավիճակի, տարածաշրջանային խաղացողների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների ու հնարավոր արդյունքների վերաբերյալ հարցին։

«Հայաստանի և Ադրբեջանի պարագայում գոյություն ունի բացառիկ հնարավորություն երկրների միջև խաղաղ համաձայնագրի իրագործման համար, որը վերջ կդնի հակամարտության տասնամյակներին և տարածաշրջանում փաստացի կստեղծի, կարծում եմ, տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և հարավի երկրների միավորման հսկայական հնարավորություններ:  

Ադրբեջանը կոչված է դրանում վճռորոշ դեր խաղալ։ Մենք մեծ միջոցներ ենք ներդրել մեր դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնության գալ։ Մենք դա արել ենք ԵՄ հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ, և  կարծում եմ, որ դա, իրոք, հնարավոր է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես այդ մասին խոսել եմ նախագահ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա իրագործելի է, եւ դա ակնհայտորեն բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Բլինքենը։