Միջազգային

Ոստիկանը հեռացվել է աշխատանքից՝ ընտրությունների վերաբերյալ խաղադրույք կատարելու համար

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի թիկնազորի ոստիկան աշխատակիցներից մեկը հեռացվել է աշխատանքից և ավելի ուշ ձերբակալվել այն բանի պատճառով, որ խաղադրույքներ է արել արտահերթ ընտրությունների օրվա վերաբերյալ։

BBC-ի փոխանցմամբ՝ ընտրությունները սպասվում էին աշնանը, բայց մայիսին վարչապետ Սունակը, նույնիսկ իր պահպանողական կուսակցության խորհրդարանականների մեծամասնության համար անսպասելի, հայտարարեց, որ դրանք տեղի կունենան հուլիսի 4-ին: Այնուհետև հունիսի 14-ին ազարտային խաղերի հանձնաժողովը դիմել է Լոնդոնի ոստիկանությանը՝ խնդրելով հետաքննել վերջինիս աշխատակիցներից մեկի կատարած խաղադրույքը: Հանձնաժողովին կասկածելի է թվացել, որ անձը խաղադրույք է կատարել ընտրությունների ժամկետների վերաբերյալ և աշխատել է վարչապետի ապարատում։ 

«Ծառայողը ձերբակալվել է հունիսի 17-ին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով: Նրան կալանավորել են և գրավի դիմաց ազատ արձակել մինչև հետագա քննության անցկացումը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Ոստիկանը, որի անունը չի բացահայտվում, մեղադրվում է ոչ թե խաղադրույք կատարելու, այլ ինսայդերական տեղեկատվությունից օգտվելու մեջ, ինչն անօրինական է ինչպես ֆինանսական գործարքներում, այնպես էլ խաղային բիզնեսում: