Միջազգային

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը

Միացյալ Նահանգները ողջունել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունում։ 

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգները ողջունում է նաև Հայաստանի՝ 42 այլ երկրների շարքին միանալուն՝ հաստատելով համաձայնագրերի սկզբունքները կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության համար: 

Նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը և ՆԱՍԱ-ն ղեկավարում են Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրերի իրագործումն ու իրականացումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դարձել էվ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին: ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել էր Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։