Միջազգային

ԱՄՆ-ն ու Լեհաստանը ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու միջազգային կենտրոն են բացել

ԱՄՆ-ն ու Լեհաստանը Վարշավայում ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու միջազգային կենտրոն են բացել: Այս մասին հունիսի 10-ին գրել է AP գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ռուբինին և նրա լեհ գործընկեր Թոմաշ Քլոնին, որոնք պատասխանատու են կեղծ տեղեկատվության դեմ պայքարի համար։

Կենտրոնի պաշտոնական անվանումն է «Ուկրաինական կոմունիկացիաների խումբ»։ AP-ն գրում է, որ դրանում կընդգրկվեն 12 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի և հենց Ուկրաինայի։ Խմբի գլխավոր խնդիրը կդառնա ռուսական ապատեղեկատվական արշավների բացահայտումն ու հակազդումը, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում Ուկրաինային աջակցության թուլացմանը: