Միջազգային

Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գրասենյակից հայտնել են, որ Կոպենհագենի կենտրոնում անհայտ տղամարդը հարձակվել է կառավարության ղեկավարի վրա։

Հարձակումը տեղի է ունեցել Դանիայի մայրաքաղաքի կենտրոնի գլխավոր հրապարակներից մեկում՝ Կուլտորվետում՝ եվրոպական նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, հայտնում է BBC-ն։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում այս շաբաթ՝ հինգշաբթիից կիրակի, տարբեր երկրներում տարբեր օրերի քվեարկությամբ։ Դանիայում ընտրատեղամասերը կբացվեն կիրակի օրը։

«Այսօր Կոպենհագենում՝ Կուլտորվետում, Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել մի մարդու կողմից, որը հարվածել է Դանիայի վարչապետին։ Իհարկե, Մետեն ցնցված է այս հարձակումից։ Պետք է ասեմ, որ մենք բոլորս ցնցված ենք»,- գրել է երկրի շրջակա միջավայրի նախարար Մագնուս Հյունիկեն X սոցիալական ցանցում։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվող տղամարդը ձերբակալվել է, սակայն հրաժարվել են որևէ այլ մեկնաբանություն անել: