Միջազգային

«Ես ներում եմ նրան»․ մահափորձից հետո Սլովակիայի վարչապետն առաջին անգամ հրապարակային խոսել է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում նկատմամբ մայիսի 15-ին մահափորձ էր կատարվել, ասել է, որ ատելություն չի զգում իր վրա հարձակվողի նկատմամբ։ Վարչապետը մտադիր է աշխատանքի վերադառնալ հունիս-հուլիս ամիսներին, ներկայումս դեռ ամբուլատոր բուժում է անցնում Բրատիսլավայի հիվանդանոցում։ Մահափորձից հետո սա նրա առաջին հրապարակային ելույթն է։

«Ժամանակն է, որ ես անեմ առաջին քայլը. դա ներումն է։ Ես չեմ ատում ինձ կրակած մարդուն։ Ես նրա նկատմամբ ոչ մի իրավական քայլ չեմ ձեռնարկի, ինչպես նաև մտադիր չեմ վնասի փոխհատուցում պահանջել։ Ես ներում եմ նրան»,- ասել է Ռոբերտ Ֆիցոն՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում։

Նա հայտարարել է, որ արարքը կատարողին թույլ է տալիս ինքնուրույն պարզել դրդապատճառները։ «Ի վերջո, ակնհայտ է, որ նա ընդամենը չարի և քաղաքական ատելության դեսպան էր, ես հիմք չունեմ կարծելու, որ սա միայնակ խելագարի հարձակում է»,- ասել է Ֆիցոն։