Միջազգային

«Ինչ էլ խոստանան արևմտականները, Երևանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը պատասխանել է լրագրողի հարցին, թե որոնք են, իր կարծիքով, Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Անդրկովկասի անվտանգության ռիսկերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին ՀՀ ղեկավարության որոշման ընդունման դեպքում:

Գալուզինը, մասնավորապես, պատասխանել է. «Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ մոնիտորինգի քողի տակ։ 

Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում մեր հարևանների մոտ կայուն խաղաղություն հաստատվի։  Ընդ որում, Արևմուտքի նպատակները, որտեղ այժմ հայկական ղեկավարությունը ակտիվ որոնում է անվտանգության նոր գործընկերներ, արմատապես հակառակ բնույթ են կրում։  Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է։ Հայաստանի ղեկավարությունը, կարծես թե, կցանկանար օգտագործել պահը այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, առաջարկելով համագործակցության տարբեր ձևեր և ձևաչափեր։ Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մուտքը ազգային տվյալների բազաներ, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»։