Միջազգային

Հայաստանը առաջին անգամ կողմ է քվեարկել Վրաստանին վերաբերող բանաձևին, Ռուսաստանը՝ դեմ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանում 17-րդ անգամ բանաձև է ընդունել, որով ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանված անձանց՝ Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը: Այս տարի փաստաթղթին աջակցել է 103 երկիր. սա ամենամեծ աջակցությունն Է Վրաստանին 2008 թվականից ի վեր, երբ բանաձևն առաջին անգամ ներկայացվել է գլխավոր ասամբլեայի քննարկմանը:

Հայաստանն առաջին անգամ է աջակցել այս բանաձևին, մի քանի տարի շարունակ չէր մասնակցում քվեարկությանը կամ դեմ էր քվեարկում։ Ադրբեջանն ու Ուկրաինան նույնպես աջակցել են բանաձևին ։

Այս անգամ դեմ են քվեարկել ինը երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան և Մալին: 53 պետություն ձեռնպահ է մնացել։

2023 թվականին բանաձևին աջակցել է 100 երկիր, 9-ը դեմ է եղել, 59-ը՝ ձեռնպահ։

Բանաձևի պաշտոնական անվանումն է «Ներքին տեղահանված անձանց և փախստականների վիճակը Աբխազիայից, Վրաստան, և Ցխինվալի տարածաշրջան-Հարավային Օսիայից Վրաստան»:

Ավելի վաղ Մոսկվան, Ցխինվալին և Սուխումը բազմիցս կոչ էին արել Թբիլիսիին՝ հրաժարվել «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամենամյա քաղաքականացված բանաձևի» առաջմղումից: