Միջազգային

«Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսում է Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի դեմ»․ Գալուզին

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանի առջև այսօր ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացնելու առաջարկին։

Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ասել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու և սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։