Միջազգային

Բայդենն արգելել է ապաստան տրամադրել սահմանն ապօրինի հատողներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ԱՄՆ-ում ապաստան տրամադրել Մեքսիկայի հետ սահմանն անօրինական հատող միգրանտներին, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը կարծում է, որ մենք պետք է ապահովենք մեր սահմանը: Ահա թե ինչու այսօր նա հայտարարեց գործադիր գործողությունների մասին՝ արգելափակելով մեր հարավային սահմանն անօրինական կերպով հատող միգրանտների ապաստան փնտրելու հնարավորությունը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, համապատասխան միջոցն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ սահմանի անօրինական հատումների թիվը գերազանցի որոշակի քանակը. այժմ, ըստ Սպիտակ տան, հենց այսպիսի իրավիճակ է։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ը կսկսի արագորեն արտաքսել անօրինական միգրանտներին, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության և հասարակության համար։