Միջազգային

«ԵԱՏՄ էներգետիկ ոլորտում անհրաժեշտ են որակական փոփոխություններ». Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, բայց ընդհանուր շուկաների ձևավորման համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են որակական փոփոխություններ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է։ Ակնկալում ենք կառուցողական մոտեցում գործընկերների կողմից, որը թույլ կտա չեզոքացնել առկա մի շարք անհամապատասխանությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացման գործնական քայլերի շրջանակներում», - ասել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ իր առաջին տասնամյակի ավարտին ԵԱՏՄ-ն զգալիորեն մոտեցել է դրական տնտեսական ցուցանիշներով, «սակայն հիմնական նպատակը՝ ընդհանուր շուկայի ձևավորումը, կախված է ոչ այնքան անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից»: