2024 թվականի հունիսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ինչպես նաև ետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի շուրջ:
Լուի Բոնոն տեղեկացվել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի շուրջ ընթացող բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումների մասին: Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը ևս մեկ անգամ վերահաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության մեջ իրական ներդրում ունենալու և վստահության վերականգնման տեսանկյունից:
Բոնոն, իր հերթին, նշել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում ընթացող գործընթացները հույս են ներշնչում խաղաղության ապագայի համար և այդ ուղղությամբ Ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել և իր ներդրումն ունենալ բանակցային գործընթացում: