Միջազգային

Իսրայելի նախարարներից երկուսը սպառնացել են լքել կոալիցիան

Իսրայելի ծայրահեղ աջ նախարարներից երկուսը սպառնացել են հեռանալ և փլուզել իշխող կոալիցիան, եթե վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնի ԱՄՆ նախագահի հրապարակած խաղաղության ծրագրին:

Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել են, որ դեմ են Գազայում հրադադարի մասին որևէ համաձայնագրի կնքմանը, նախքան ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը:

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը խոստացել է աջակցել կառավարությանը, եթե վարչապետ Նեթանյահուն աջակցի այդ ծրագրին:

Ինքը՝ Նեթանյահուն, պնդել է, որ հուսալի խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ռազմական և կազմակերպչական հնարավորությունները չեն ոչնչացվել, և բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել:

Նախքան Իսրայելի նախարարների կաբինետի անդամների հրաժարականի մասին սպառնալիքներ հնչեցնելը, Նեթանյահուի խորհրդականներից մեկը Sunday Times թերթին ասել է, որ պլանի շատ մանրամասներ դեռ պետք է մշակվեն, և որ մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չեն հասել Իսրայելի հայտարարած բոլոր նպատակներին: