Մալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն, հետևելով Նախարարների կաբինետի առաջարկին, որոշում է կայացրել արգելել Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
«Որոշումը ներառում է անհրաժեշտ օրենքների փոփոխություն՝ իսրայելական անձնագրեր ունեցողներին Մալդիվներ մուտքն արգելելու համար։ Ինչպես նաև կառավարությունում հանձնաժողով ստեղծել՝ այդ գործողությունները վերահսկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մալդիվների նախագահը նաև որոշել է նշանակել հատուկ բանագնաց՝ գնահատելու պաղեստինցիների կարիքները և կազմակերպելու դրամահավաք-արշավ Պաղեստինի օգնության համար՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության աջակցությամբ։