Միջազգային

Մակրոնը դատապարտել է Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ զինադադարից հրաժարվելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկից հրաժարվելու համար: Ինչպես գրում է The Hill-ը, Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի մերժումը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ նա «պատրաստ չէ խաղաղության»․

«Սա կարևոր պահ է իրավիճակը պարզաբանելու համար, քանի որ մինչ այժմ ամեն շաբաթ նախագահ Պուտինը հայտարարում էր, որ պատրաստ է խաղաղության»․ ասել Է Մակրոնը․ «Բայց հիմա, երբ Պուտինը խաղաղության կոնկրետ առաջարկ ունի, մերժում է այն։ Այնպես որ, աշխարհում բոլորի համար ակնհայտ է, որ հենց նա է որոշել պատերազմ սկսել և պատրաստ չէ խաղաղության», - ասել Է Մակրոնը:

Նա ասել է, որ կարևոր է համարում Օլիմպիադան օգտագործել որպես խաղաղության հաստատման գործում առաջընթացի հասնելու պահ և «առավելագույն ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր որոշել են պատերազմ սկսել»՝ նկատի ունենալով Պուտինին:

Մակրոնը նաև ասել է, որ Օլիմպիադան կարող է «շատ լավ հնարավորություն» դառնալ Չինաստանի հետ կապեր հաստատելու և խաղաղության հասնելու ուղղությամբ համատեղ աշխատելու համար․

«Տեսեք, ինձ համար զինադադարը վերջնական նպատակ չէ։ Կայուն խաղաղություն՝ սա է վերջնական նպատակը», - ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ շատ կարևոր է օգտագործել այդ «պատուհանը» օլիմպիական խաղերի ժամանակ։

Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կմեկնարկեն այս ամառ՝ հուլիսի 26-ին: Մակրոնը վաղուց է պնդում հրադադարի մասին, որը, ինչպես նա նշել է, օլիմպիական խաղերի անցկացման վաղեմի ավանդույթի մի մասն է: