Միջազգային

Վրացական իշխանությունները ցինիկ են որակել Բլինքենի հայտարարությունը

«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը․ նա հայտարարել էր Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու անձանց և նրանց ընտանիքի անդամների համար վիզային սահմանափակումների մասին։

Վրաստանի իշխող կուսակցությունն այս որոշումն անվանում է «2012թ․ սկսված հակավրացական հռետորաբանության շարունակություն, որը հատկապես ակտիվացել է 2021-2022 թվականներին»․

«Վրաստանի դեմ իրականացվող շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը չի համապատասխանում ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև գործընկերության ոգուն, որը պետք է հաստատվի երկու պետությունների միջև։ Բլինքենի հայտարարությունը և վիզային սահմանափակումներով շանտաժը ոչ այլ ինչ է, քան Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է այն ֆոնին, որ երկու օրից Վրաստանը տոնելու է անկախության օրը»։

Հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը որակվել է «աննախադեպ իրադարձություն համաշխարհային քաղաքականության պատմության մեջ»։ «Վրացական երազանքը», մինչդեռ, շարունակում է պնդել, որ «առայժմ ոչ ոք չի կարողացել որևէ փաստարկ ներկայացնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ․

«Էլ չենք խոսում այն ​​մասին, որ նմանատիպ օրենքները շատ ավելի խիստ են գործում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն որևէ պատժամիջոց չի կիրառել։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհում լայնորեն ընդունված է, որ ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցների տարածումը ֆաշիստա-բոլշևիկյան երևույթ է: Իսկ հիմա պատժամիջոցի այս ձևն օգտագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, ինչը զարմանալի է»։

Հայտարարության մեջ նշվում է, որ շանտաժը չի ստիպի պատժամիջոցներ ստացողներին՝ «քայլ անել երկրի դեմ», իսկ «պատժամիջոցները հակաարդյունավետ են և վնասում են հենց պատժամիջոց կիրառողին»։