Միջազգային

«Վրաստանը պատրաստ է քննարկել ԵՄ դիտարկումները օրենքի վերաբերյալ». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումներին, եթե Եվրամիությունը (ԵՄ) ներկայացնի իրավական մեկնաբանություններ․ «Վրաստանի իշխանությունները բաց են դրանց անհապաղ քննարկման համար»:

«Շառլ Միշելի հետ առաջին զրույցի ժամանակ ես հայտնեցի մեր պատրաստակամությունը։ Երկրորդ զանգի ժամանակ ես կրկնեցի նույնը։ Մենք բացարձակ բաց ենք այս օրենքի հետ կապված ցանկացած խորհրդակցության համար»,- ասել է Կոբախիձեն։ 

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որն առավել հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների մասին օրենք»։ Որոշումն ընդունվել է՝ չնայած ընդդիմադիր պատգամավորների կոշտ դիմադրությանը, ինչպես նաև բազմահազարանոց ցույցերին։ Ինչպես գրում է Financial Times-ը, ԵՄ-ն դրան ի պատասխան կսառեցնի միությանը անդամակցելու Վրաստանի դիմումը։ ԱՄՆ-ն նույնպես խոստացել է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ։