Միջազգային

«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել երկրի շահերից։ Այդ մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Այն փաստը, որ անձը հրաժարվել է հանդիպել երկրի գործընկերոջ հետ, նշանակում է, որ նա իր շահերը վեր է դասում իր այն պարտավորությունից, որը ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ», - ասել է նա։ Նա ընդգծել է, որ Իվանիշվիլին ներկայումս պատժամիջոցների տակ չէ․ «Այն, որ նման հզոր մարդը այդքան ապատեղեկացված է, հիասթափեցնող է»,- ասել է Օ՛Բրայենը։

Երկուշաբթի օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ՛Բրայենի հետ։ Ըստ Կոբախիձեի՝ պատճառն այն է, որ Իվանիշվիլին արդեն «դե ֆակտո պատժամիջոցների տակ է» և «շանտաժի տակ չի կարող ոչ մի հանդիպում անցկացնել»։ «Վրացական երազանք»-ը Իվանիշվիլիի հաշիվների 2 միլիարդ դոլարի սառեցումը համարում է «դե ֆակտո պատժամիջոցներ»՝ կապված այդ միջոցների հնարավոր ռուսական ծագման հետ։ Վրաստանի վարչապետը վստահեցրել է, որ Իվանիշվիլին կփոխի իր դիրքորոշումը, եթե «դե ֆակտո պատժամիջոցները» չեղարկվեն։