Միջազգային

Վաշինգտոնը կարող է վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, եթե երկրի կառավարությունը շարունակի խոսել ԱՄՆ-ի մասին որպես ոչ գործընկեր, գրում են վրացական ԶԼՄ-ները։ 

«Միացյալ Նահանգները նախատեսում է Վրաստանի իշխանություններին 390 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Կեսը՝ ռազմական օգնության, մոտ մեկ երրորդը՝ տնտեսական զարգացման ծրագրերի, նաև ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Այս ամենը պետք է վերանայվի, եթե մեզ այժմ անվանում են հակառակորդներ, այլ ոչ թե գործընկերներ»,- ասել է Օ’Բրայենը։

Այսօր ԱՄՆ նախագահի վարչակազմի խոսնակ Կարին Ժան-Պիերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ։

Օ’Բրայենն աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել մայիսի 14-ին։ Նա բանակցություններ է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։