Միջազգային

Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Ցուցարարները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ այսօր նախատեսում են երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ 

Ուսանողները շուտով կսկսեն երթը դեպի խորհրդարան։ Երկուշաբթի օրվանից Վրաստանի 50 բուհերի ուսանողներ դասադուլ են հայտարարել։ Խոստանում են, որ դասասենյակներ չեն վերադառնա, քանի դեռ օրենքը չեղյալ չի հայտարարվել։ Այժմ դասադուլավորները հավաքվում են իրենց բուհերին հարող տարբեր վայրերում։ Այնտեղից նրանք կուղևորվեն դեպի Թբիլիսիի ֆիլհարմոնիկ դահլիճ, ապա՝ Ռուսթավելի պողոտա։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում շարունակվում են ակցիաները՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով։ Բողոքի ցույցերը բազմիցս ցրվել են։ Մայիսի 13-ին օրինագծի երրորդ ընթերցմամբ ընդունմանը ընդառաջ իրավական հանձնաժողովի նիստ տեղի ունեցավ ցուցարարների կոշտ ձերբակալությունների ֆոնին։

Նախօրեին Վրաստանի վարչապետն ասել էր, որ խորհրդարանը կգործի «Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան» և օրենքը կընդունի երրորդ ընթերցմամբ՝ չնայած բողոքներին։ Նրա կարծիքով՝ օրենքը կենսական դեր կխաղա «դրսից պարտադրված բևեռացմանը» վերջ տալու համար։