Միջազգային

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես կարող եմ հաստատել, որ հարցումն արվել է Բիձինա Իվանիշվիլիի հետ [Օ'Բրայենի] հանդիպման հետ կապված, որից նա հրաժարվել է», - ասել է Կոբախիձեն։

Օ'Բրայենը Թբիլիսի է ժամանում մայիսի 14-ին։ Այս օրը Վրաստանի խորհրդարանը երրորդ վերջնական ընթերցմամբ կքվեարկի օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Օ’Բրայենն ասել էր, որ «ռուսական օրենքների վրա հիմնված օրենքների» ընդունումը Վրաստանի համար «անհնարին» կդարձնի Եվրամիությանն անդամակցելը։