Միջազգային

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները

Թուրքիան և Հունաստանը պետք է երկկողմ ձևաչափով լուծեն առկա խնդիրները՝ առանց երրորդ երկրների վերահսկողության և միջամտության, և մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա կարևոր է այս տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«2020 թվականից ի վեր մենք ապրել ենք տարբեր ճգնաժամեր՝ համաճարակ, տնտեսական, պարենային, լոգիստիկ, էներգակիրների մատակարարման ճգնաժամեր, աղետներ, ինչպես նաև այն հարձակումները, որոնք Իսրայելn անխոհեմ կերպով շարունակում է Գազայի հատվածում։ Այն սպառնում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև ողջ աշխարհին։

Համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը չափազանց փխրուն են, և մենք չենք ապրում միջազգային համակարգում, որն ընդունակ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանային խաղացողները պետք է լուծեն իրենց խնդիրները փոխադարձության և ազգային շահերի հիման վրա՝ առանց երրորդ երկրների առաջնորդության, միջնորդության կամ ճնշման։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի և Հունաստանի միջև համագործակցության նախաձեռնությունները շատ ավելի նշանակալից և արժեքավոր են այսօր»,- ասել է Ալթունը։ 

Նա հիշեցրել է, որ 2021 թվականից Անկարան և Աթենքն իրականացնում են «դրական օրակարգային նախաձեռնություն», որն ուղղված է հարաբերությունների կարգավորմանն ու ամրապնդմանը։

«Մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Միցոտակիսի այցը մեր երկիր շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար և լուրջ հնարավորություններ է ներկայացնում, որպեսզի Թուրքիան և Հունաստանն է՛լ ավելի մեծացնեն իրենց ներուժը և մշակեն տարածաշրջանային ընդհանուր լուծումներ»,- ասել է Ալթունը։