Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպմանը Շոլցը զգուշացրել է Կոբախիձեին, որ Գերմանիան և ԵՄ-ը դժգոհ են Վրաստանի խորհրդարանում շրջանառվող և քաղհասարակությանը թուլացնող նոր օրենքից․
«Մենք, ինչպես և ամբողջ Եվրամիությունը, շատ քննադատաբար ենք վերաբերվում օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին, և այն պահից, երբ այդ օրինագիծը կասեցվեց, մենք հույս ունեինք, որ այն այլևս չի ընդգրկվի օրակարգում։ Նոր օրինագիծը գրեթե չի փոխվել։ Այն գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի, և մենք մեծ հույս ունենք, որ այս օրենքը չի ընդունվի Վրաստանի կողմից, և խորհրդարանը հաշվի կառնի մեր և Վրաստանի բնակչության քննադատական դիրքորոշումը: Դրա համար էլ մեր զրույցում ես ևս մեկ անգամ ընդգծել եմ քաղաքացիական հասարակության, ընդդիմության և կառավարության համագործակցության կարևորությունը հասարակական զարգացման համար», - հայտարարել է Օլաֆ Շոլցը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը համապատասխանում է բոլոր հիմնական սկզբունքներին: Ժողովրդավարական պետությունում թափանցիկությանն այլընտրանք չկա, և ես դրանում խորապես համոզված եմ», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում: