Միջազգային

«Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի ցանկությունը». Իտալիայի ԱԳ փոխնախարար

Իտալիայի «Լիգա» կուսակցության պատգամավոր Պաոլո Ֆորմենտինին հարցրել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջիո Սիլիին, թե ի՞նչ միջոցներ է Իտալիայի կառավարությունը պատրաստվում ձեռնարկել ստեղծված իրավիճակում Հայաստանի և Եվրատլանտյան Արևմուտքի հետագա մերձեցումը խթանելու համար։ 

«Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի ցանկությունը։  Կարևոր է խրախուսել Երևանի առաջընթացն այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները:

Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են ինստիտուցիոնալ օղակ, որի շրջանակներում կարող ենք խորացնել երկխոսությունը և համագործակցությունը։

Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր ծրագրի սահմանմանը։ Սա կնպաստի Երևանի լիակատար ազատագրմանը ռուսական խնամակալությունից»,- ասել էԻտալիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։