Միջազգային

Անկարան Մոսկվային և Կիևին կարգավորման նախագիծ չի առաջարկել

Պաշտոնական Անկարան չի փոխանցել և չի պարտադրել Մոսկվային և Կիևին Ուկրաինայում կարգավորման որևէ նախագիծ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

«Մեր կողմից առաջարկված կամ մեր կողմից պարտադրված նախագծեր չկան: Թուրքական կողմն առաջարկում է իր միջնորդությունը, որպեսզի լուծի ողջ տարածաշրջանի վրա ազդող հակամարտությունը։  Մենք հիմնվում ենք երկու կողմերի փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Թուրքիան իբր Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագիծ, որը հիմնված է Ստամբուլի 2022թ․ համաձայնագրի վրա։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է հակամարտության սառեցում գոյություն ունեցող ռազմաճակատի երկայնքով, 2040 թվականին Ուկրաինայում հանրաքվեներ անցկացնելու պարտավորություններ և մինչև 2040 թվականն Ուկրաինայի արտադաշնակցային կարգավիճակի երաշխիքներ։