Միջազգային

«Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են սպառնալ ՀՀ գոյությանը». Freedom House

Միջազգային հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կառույցը իր «Nations in Transit 2024» զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը, Ադրբեջանի ռազմական գործողություններին ու ՀՀ նկատմամբ նրա անընդհատ սպառնալիքներին։ 

«Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վարչակարգի դաժան հարձակումը, որը դրդել է այնտեղ բնակվող ավելի քան 120․000 էթնիկ հայերի՝ փախչել արևմուտք: Ներկայումս նրանք բնակություն են հաստատել հիմնականում Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է բավարարել նրանց մարդասիրական կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իրենց տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության ֆոնին և արձագանքելով կառավարման բարելավման պահանջներին, որոնք երկրում հեղափոխություն են առաջացրել 2018 թվականին», - ասվում է Freedom House-ի «Nations in Transit 2024»-ի զեկույցում։ 

«Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են սպառնալ Հայաստանի գոյությանը՝ վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի մասը», - նշված է զեկույցում։ 

«Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները գուցե պարզապես բորբոքել են նրա ախորժակը։ Նրա երդմնակալության խոսքում հնչել են իրեն լրացուցիչ տարածքներ տրամադրելու նոր պահանջներ՝ ուղղված Հայաստանին։ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ հուսալի զսպող գործոնների բացակայության պայմաններում Կովկասում ավտորիտար ագրեսիայի ուժեղացման ակնհայտ ներուժ կա: Մոսկվան փաստացի հրաժարվել է տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դերից՝ ստիպելով Հայաստանին ժողովրդավարական աշխարհում նոր դաշինքներ փնտրելու ուղղությամբ շարժվել»,- եզրափակվում է զեկույցում։