Միջազգային

Մարիուպոլի վերականգնմանը մասնակցում են գերմանական ընկերություններ

Գերմանական ընկերությունները մասնակցում են Մարիուպոլի վերականգնմանը, որը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում գրավվել ու ոչնչացվել է ռուսական զորքերի կողմից: Այսպիսին են գերմանական «ARD» հասարակական-իրավական հեռուստաալիքի «Monitor» ծրագրի լրագրողների եզրակացությունները։ 

Մասնավորապես, նրանք նկատել են, որ Մարիուպոլի շատ շինհրապարակներում օգտագործվում է «Knauf» ընկերության արտադրած ցեմենտը։ «ARD»-ի տվյալներով՝ մինչ օրս «Knauf»-ն ունի 4000 աշխատակից Ռուսաստանում և միլիարդավոր շրջանառություններ է կատարում ռուսական շուկայում։ Խմբագրության հարցմանն ի պատասխան՝ ընկերությունում նշել են, որ դատապարտում են Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և հետևում են ՌԴ-ի նկատմամբ ԵՄ բոլոր պատժամիջոցներին: «Knauf»-ի արտադրանքը, որն արտադրվում է Ռուսաստանում, նախատեսված է «բացառապես ռուսական շուկայի համար»․ հավելել են մամուլի ծառայությունում:

Բացի այդ, Մարիուպոլում շինարարական աշխատանքների լուսանկարներում և տեսանյութերում «ARD»-ի լրագրողները նկատել են բետոնե բլոկներ՝ կանաչ փաթեթավորման թաղանթով, որը մակագրված է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Մյունստերլանդ շրջանից գերմանական WKB Systems ընկերության անվամբ: