Binance կրիպտոարժույթի բորսան Նիգերիայի իշխանություններին խնդրել է քրեական պատասխանատվության չենթարկել գլոբալ հետախուզության և հետաքննությունների գծով իր փոխնախագահ Տիգրան Ղամբարյանին։
Պլատֆորմի ներկայացուցիչները հայտնել են, որ կալանավորված թոփ-մենեջերն ընկերությունում որոշումներ կայացնելու իրավասություն չունի։ Binance-ը նշել է, որ Ղամբարյանը 10-ից ավելի տարվա փորձ ունի։ 2021 թվականի սեպտեմբերին միացել էր Binance-ի թիմին։ Նրա մասնակցությամբ 2022 և 2023 թվականներին բորսան օգնել է ամբողջ աշխարհի իրավապահ մարմիններին սառեցնել և բռնագրավել ավելի քան 2,2 միլիարդ դոլարի ակտիվներ:
Ղամբարյանը պատասխանել է Նիգերիայի իրավապահ մարմինների կամ տեղական հետաքննության հետ կապված տեղեկատվության ավելի քան 600 հարցումների: Տրամադրված տեղեկատվությունն օգնել է բացահայտել «բազմաթիվ հանցագործություններ»՝ ներառյալ փողերի լվացումը և մարդկանց առևանգումը, և հանգեցրել է ավելի քան 400,000 դոլարի արգելափակման:
Ավելի վաղ Ղամբարյանը, ով փետրվարի 25-ից Նիգերիայում կալանքի տակ է, բողոք էր ներկայացրել դատարան՝ տեղի իշխանությունների գործողությունների դեմ։ Հայցը կքննվի ապրիլի 8-ին։ Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի Binance-ի տնօրեն Նադիմ Անջարվալան կարողացել է անօրինական կերպով լքել երկիրը՝ օգտագործելով Քենիայի անձնագիրը։ Սակայն նա ևս նմանատիպ բողոք է ներկայացրել։
Նիգերիայի իշխանությունները Binance Holdings Limited-ին և նրա երկու թոփ մենեջերներին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ։ Նրանք պնդում են, որ անհատներն օգտագործել են բիրժան մոտ 21,6 միլիարդ դոլար քողարկելու համար:
Binance-ը պարտավոր էր տրամադրել բոլոր նիգերիացի օգտատերերի և նրանց գործարքների պատմության մանրամասները: Հարթակից պահանջվում է նաև մարել բոլոր հարկային պարտավորությունները: Binance-ին կարող է սպառնալ 10 միլիարդ դոլարի չափով տուգանք:
Ղամբարյանը պնդում է, որ իր կալանավորումը և անձնագրի առգրավումը հակասում է տեղական Սահմանադրությանը, որը երաշխավորում է «անձնական ազատություն» և «ողջամիտ ժամկետում դատավարության անցկացում»։
Նա կոչ է արել դատարանին ազատել իրեն կալանքից, անհապաղ վերադարձնել անձնագիրը և հրապարակային ներողություն խնդրել: Թոփ մենեջերը հայտնել է, որ Անջարվալայի հետ իշխանությունների հրավերով ժամանել է Նիգերիա՝ քննարկելու բորսայի գործունեությունը։ Նա որևէ իրավախախտում չի կատարել և այդ մասին գրավոր ծանուցում չի ստացել: